Tuesday 24 October 2017

Հայկական հարցը

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում (այժմ՝ Եշիլքյոյ՝ Ստամբուլի թաղամաս) կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը
Օսմանյան Թուրքիայի Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:
1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:
Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:
1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:
Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, (որոշում) որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:
Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում, (1919–20 թթ.)որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը։ (հովանավորություն)Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում (Փարիզի մոտ) պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:
Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս:
1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից հետո (1914–18 թթ.) Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված
Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:
ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից...»:
1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:
1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:


Աղբյուրը՝ encyclopedia.am