Friday 10 November 2017

Լիբերալիզմ կամ ազատականություն

Ազատականությունը քաղաքական փիլիսոփայություն է կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։
Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։ Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ Ազատականությունն իբրև փիլիսոփայական առանձին ավանդույթ հիմնադրելու պատիվը հաճախ վերագրում է 17-րդ դարի փիլիսոփա Ջոն Լոքին։ Նա գտնում էր, որ ամեն մարդ ունի կյանքի, ազատության ու սեփականության բնական իրավունք, և կառավարությունները չպետք է ոտնահարեն այդ իրավունքները՝ հասարակական պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա։ Ազատականները դեմ էին ավանդական պահպանողականությանը և ջանում էին կառավարության բացարձակ իշխանությունը փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությամբ ու օրենքի գերակայությամբ։