Tuesday 21 November 2017

Մի գետի պատմություն

Աղստևը հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։


ՀՀ տարածքում Աղստևի վրա կառուցված է Ջողասի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։
Աղստև գետի ստորին հոսանքը Ադրբեջանի տարածքում է կոչվում է Աղստաֆա։

Այն տնտեսական, զբոսաշրջային եւ մի շարք այլ նշանակություն ունի: Ցավոք, գետի կարեւորագույն «առաքելությունն» ասես իր հոսանքներում աղբը պահելը լինի: Իջեւան քաղաքի բնակելի շենքերում հավաքվող կենցաղային աղբի զգալի մասն ամեն օր Աղստեւ է թափվում` լցվում են օրգանական բնույթի թափոններ, սննդի մնացորդներ, մորթած անասունների ներքին օրգաններ, արտաթորանք, շինարարական աղբ եւ այլն: Միայն գարնան եւ աշնան  վարարումներից հետո այն փոքր-ինչ թեթեւանում է աղբից:

Աղստեւի աղտոտման գործում պակաս մեղավոր չեն գետափնյա օբյեկտների` սննդի սպասարկման կետերի եւ խանութների տերերը: Նշված օբյեկտների ուղղությամբ ներքեւում` գետի մեջ, անպակաս են արկղերը, պլաստմասսե իրերը, տարբեր թափոնները:

Աղստեւը ձկնային պաշարներով նույնպես հարուստ է: Տավուշի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանը պարզաբանում է, որ ձուկն ափում է ձվադրում կատարում, իսկ օրինակ շինարարական աղբը վնասում է ինչպես ձկնկիթներին, այնպես էլ ձվադրմանը: Հատկապես վնասակար է փայտանյութից մնացած թեփը, որը թուլացնում է ձկներին ու հոսանքի հետ քշում-տանում:

Աղստեւի կենդանական միջավայրի գոյությանը սպառնում է նաեւ նավթային նյութերի հոսքը ջրային ավազան: Տարեցտարի ավելանում էն ավտոմեքենաները, հետեւաբար` մեծանում ավտոլվացման կետերի պահանջարկը: Ավտոլվացման կետերի բացթողած աղտոտված ջուրը նույնպես սպառնալիք է գետի համար:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս Վլադիմիր Խառատյանի խոսքով, նավթամթերքները ջրային մակերեսի վրա առաջացնում են բարակ շերտ, որը թույլ չի տալիս արեւի ճառագայթների ներթափանցումը ջրի ավելի խոր շերտեր, ինչն իր հերթին տանում է բուսական եւ կենդանական աշխարհների ոչնչացմանը: «Միայն Իջեւանի տարածաշրջանում տասից ավելի ավտոլվացման կայաններ կան, որոնք աշխատում են առանց մաքրման կայանների,- ասում է փորձագետը:- Կամ էլ պետք է լինի նաեւ ընդհանուր կոլեկտոր, որի մեջ պետք է թափվեն այդ կեղտաջրերը»:

Աղստեւի ավազանի բնակավայրերից միայն Իջեւան քաղաքն ունի մոտ 54 կիլոմետր երկարությամբ կոյուղագիծ, բայց մաքրման կայան չկա: Արդյունքում ամբողջ կոյուղու կեղտաջրերը գետն են թափվում: 1980-ականներին մեկնարկել էր Իջեւանի կոյուղաջրերի հեռացման եւ մաքրման ծրագիրը` կոլեկտորի կառուցումը: Նախատեսված էր քաղաքի կոյուղաջրերը հեռացնել մոտ 15 կմ, ապա Մայիսյան կամրջի մոտ կառուցվելիք կայանում ենթարկել մաքրման: Ծրագիրն անավարտ մնաց ԽՍՀՄ փլուզումից հետո: Այսօր արդեն դրա իրագործումն իրատեսական չէ, քանի որ մեծ ծախսեր է պահանջում:

Մինչ կոլեկտորը կկառուցվի, աղբի թափոնների` Աղստեւ լցվելու արդյունքում մեծ թվով մաշկային հիվանդություններ են գրանցվում: Շոգ օրերին, երբ տապից փախչելու ամենահաճելի միջոցը գետում լողալն է, գետն իր մեջ թաքնված վտանգներ է պարունակում: Այս առումով առավել խոցելի են երեխաները:

«Եղել են դեպքեր, երբ գետում լողալուց հետո երեխաներ են բերել ինձ մոտ, որոնք ունեին պիոդերմիաներ` թարախամաշկություն, մաշկի վրա կային թարախային օջախներ,- ասում է բժշկական գիտությունների թեկնածու, մաշկավեներաբան Վաչագան Սարգսյանը:- Ծնողը նշում էր, որ գետում լողալուց հետո երեխայի մոտ այդպիսի հիվանդություններ են առաջացել»:

Աղստեւի աղտոտվածությունը խոչընդոտում է նաեւ տարածքում տուրիզմի զարգացմանը: «Եթե մենք այս ջրային օբյեկտները մաքուր չպահենք, ապա տուրիզմի զարգացման մասին խոսք լինել չի կարող,-ասում է աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանը:- Գետն աղտոտված տեսավ` զբոսաշրջիկը տարածքին չի մոտենա: Եթե վերաբերմունքը գետի նկատմամբ փոխվի, մենք հույս կունենանք, որ զբոսաշրջությունը նույնպես կզարգանա: Որեւէ կոմունալ կենցաղային տնտեսություն կամ կազմակերպություն չի կարող մաքուր պահպանել գետը, եթե ժողովուրդն այդ կուլտուրան չունենա»:

Աղստևը ստեղծված իրավիճակում հայցում է բոլորի ուշադրությունն ու խնամքը: